«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երբ արդարությունն է խաղադրույք

Երբ արդարությունն է խաղադրույք
12.07.2016 | 08:27

Այս դեպքն իր դաժան անհեթեթությամբ ցնցեց հանրապետությունը: Տավուշի մարզի Մովսես գյուղում գնդակահարվեց նախկին ազատամարտիկ և հրամանատար Դերենիկ Պապյանը: Գնդակահարվեց իր համագյուղացու ձեռքով, ում հետ երկար տարիներ ապրել էր հաշտ ու խաղաղ՝ նույն համայնքում: Համագյուղացի մարդասպանը Արթուր Մկրտումյանն է, ով 2015-ի սեպտեմբերի 18-ի երեկոյան հարբած «հերկում» է գյուղը վերից վար՝ «քոքած» բարձր երաժշտությունը, ինչ-որ բանից մոլեգնած, բայց ինչի՞ց, անհայտ է մինչ օրս: Ընդամենը մի պահ է նրա կատաղությունը հանդարտվում, երբ, գյուղի խանութ մտնելով, ցանկանում է գարեջուր գնել: Հայտնի բան է, վերջնականապես բանականությունը կորցնելու համար յուրաքանչյուր հարբած սուբյեկտ օղին կամ գինին «լրամշակում» է գարեջրով: Վաճառող Վաչիկ Ապերյանը, անկասկած, գարեջուր կտար, եթե գուշակեր աղետալի ելքը: Թունդ ոգելից խմիչքից հետո թարմ գարեջուրը բառացիորեն գետնին է տապալում յուրաքանչյուրին:

Ապերյանը հարբածին հրաժարվում է գարեջուր վաճառել: Արթուրը, սեռական բնույթի հայհոյանքներ շաղ տալով, լքում է խանութը և շարունակում «հերկել» գյուղը: Ի տարբերություն խոշոր բնակավայրերի, գյուղերում հանրային արժանապատվությունը ավանդական արժեհամակարգի մի կարևոր բաղադրիչն է: Հարբած ելուզակի ասպատակությունը փորձում են կանխել համագյուղացիներ Արթուր Բադալյանը, Մուրադ Վարդանյանը, Հարություն Շահնազարյանը և մյուսները: Ելուզակը չի հանդարտվում: Նման իրավիճակում չէր կարող լռել Դերենիկ Պապյանը: Նա փորձում է հարբած կարգազանցին կարգի հրավիրել: Ցավոք, սա հենց այն դեպքն է, երբ փորձը փորձանք է դառնում: Արթուր Մկրտումյանը հեռանում է դեպի տուն, տնից վերցնում է 16 տրամաչափի երկփողանի հրացանը, վերադառնում գյուղապետարանի շրջակայք և համագյուղացիների ներկայությամբ կրակում իրեն ընդամենը դիտողություն արած և մինչ այդ ողբերգական օրը իր հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Դերենիկի ուղղությամբ: Այնուհետև, հիշոցների և սպառնալիքների ուղեկցությամբ, մարդասպանը հետապնդում է դեպքի ականատեսներ Գավրուշ և Արմեն Սահակյաններին և կրակում է նրանց ուղղությամբ, իսկ երբ կրակոցից ահաբեկված տնից դուրս են գալիս այս աղետի վկաներ Լուսինե Գևորգյանն ու Ա. Անտոնյանը, սպառնում է, որ եթե վերջիններս համարձակվեն դեպքի մասին հայտնել որևէ մեկին, կվերացնի նրանց էլ, նրանց երեխաներին էլ: Այո՜, կարծես թե ամեն բան պարզ է. Մովսես գյուղում բույն էր հյուսում մեկը, ով պատրաստվում էր դառնալու սերիական մարդասպան:

Նախաքննական մարմինը Արթուր Մկրտումյանի հանդեպ զարմանալի բարեհոգություն է հանդես բերում, նրա հանցանքը որակավորելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն՝ դիտավորությամբ կյանքից զրկելով: Սպանություն գործածը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով: Այնինչ, նրան պետք է մեղադրանք առաջադրվեր 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով սպանելու համար: Այստեղ պատժաչափը, մեղմ ասած, ավելի տպավորիչ է՝ 12-20 տարի ժամկետով կամ էլ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննական մարմինը, այս դեպքում ՀՀ Տավուշի մարզի դատախազ Ն. Չիլինգարյանը, պարզվում է, լուրջ խնդիրներ ունի ամենապարզ նախաքննական հետազոտության ժամանակ: Նախ, կասկածյալի տանը խուզարկություն չի կատարվում:

Սա այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ Արթուր Մկրտումյանը իր տնից է վերցրել XI25.07.60 համարի երկփողանի որսորդական հրացանը, մարդաորսի դուրս գալու նպատակով: (Ի դեպ, ամբաստանյալ Մկրտումյանը գնդակահարում է համագյուղացուն մեկ այլ համագյուղացու (արդեն հանգուցյալ) պատկանող վերոնշյալ համարի հրացանով։ Եթե չեմ սխալվում, օրենքը պահանջում է, որ վախճանված մարդու զենքը հանձնվի ոստիկանությանն ի պահ, մինչև դրա օրինական ժառանգորդի ի հայտ գալը։ Ինչպես է, որ հրացանը հայտնվել է խոյահարիչի տանը։ Սա, անկասկած, մի մշուշոտ հանգամանք է, որի վրա պետք է սևեռվի և՛ Տավուշի մարզի դատախազ Ն. Չիլինգարյանի, և՛ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Զաքինյանի ուշադրությունը)։ Խուզարկությունը նախաքննական մարմնի սուրբ պարտականությունն էր, որը շրջանցվել է: Թե ինչու, սա էլ թողնենք դատարանի խղճին: Բացի այդ, օրենքը պահանջում է կասկածյալի (կամ մեղադրյալի) գույքի վրա արգելանք դնել: Արթուր Մկրտումյանը գնդակահարում է Դերենիկ Պապյանին իր սեփական «Նիվա» մակնիշի 30 OL 704 համարանիշով մեքենայի պատուհանից: Այդ նույն մեքենայում եղել է բավականին գումար: Դրանք առգրավելու փոխարեն վերադարձվում են հանցագործի կնոջը, ինչո՞ւ, ի՞նչ հիմքով, դարձյալ թողնենք նախաքննական մարմնի խղճին:

Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Արթուր Մկրտումյանը սպանել համագյուղացուն, ում նկատմամբ, ինչպես նշեցինք, ոխ առհասարակ չի ունեցել: Եվ ինչո՞ւ են նախաքննական մարմինը և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Զ. Զաքինյան) նման բարեգթություն հանդես բերում հանցագործի նկատմամբ: Ինչո՞ւ են շրջանցում բազմաթիվ մարդկանց վկայությունները: Բարեգթությունը զավեշտի է վերածվում: Դեպքի վայրի զննությունը ցույց է տվել, որ հանգուցյալ Դերենիկ Պապյանը նստած է եղել նստարանին մի համագյուղացու հետ, նրանց միջև հեռավորությունը կարող էր լինել, ասենք, մի տասը սանտիմետր, քանզի նստարանի երկարությունը 90 սմ է, սակայն քննիչի պնդմամբ դեպքի վայրում գտնվող վկան՝ Գավրոշ Սահակյանը, ցուցմունք է տալիս, որ Դերենիկ Պապյանի և նրա կողքին նստած համագյուղացու միջև տարածությունը... մեկ մետր էր: Քննիչը նման տարածական ամնեզիայի մեջ, իհարկե, պատահաբար չի ընկղմվում: Եթե գնդակահարման թիրախ հանդիսացող Պապյանի հարևանը նրա կողքին էր նստած, նշանակում է՝ Մկրտումյանը շատերի կյանքին է սպառնացել, այսինքն` պատժաչափը խստանում է, եթե հարևանը նստած է եղել 1 մետր այն կողմ, նշանակում է՝ գյուղական սույն գանգստերը փորձել է կյանքից զրկել միայն Պապյանին: Պատժաչափը մեղմանում է: Այս անզուսպ մարդասիրությունը, անկասկած, ունի իր հենարանը: Իսկ Հայաստանում դատաիրավական մարմինները անկասելի մարդասիրությամբ են տոգորվում մեզ բոլորիս քաջ հայտնի դեպքում: Գուցե հենց այս պատճառով է ամբաստանյալ Արթուր Մկրտումյանն իրեն բավականին անկաշկանդ (եթե ոչ լկտի) պահում դատարանում:

Մի խոսքով, իրավական վերոնշյալ մարմինները ակնհայտորեն կոծկում են գործը՝ անարգելով հայրենիքի համար արյունը չխնայած մարդու հիշատակը:
Անարգվում է երկիրը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ